1945-ին դաշնակիցները աշխարհը կարգավորեցին «վերևից»: 1989-ին հաղթեց ինքնորոշումը: Այսօր այդ հաջողությունը վտանգի տակ է՝ գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը Der Tagesspiegel-ում: «Աշխարհում ավելի հզոր չկա ոչինչ՝ գաղափարից, որի ժամանակը եկել է»՝ հաճախ են մեջբերում Վիկտոր Հյուգոյին, թեպետ գուցե և ոչ իրավունք ունենալով: Կա նաև հակառակը՝ ոչինչ ավելի անօգուտ չկա գաղափարից, որ այլևս չի համապատասխանում ժամանակին: Յալթան դարձավ աշխարհն ազդեցությունների գոտիների բաժանելու հոմանիշ: Ղրիմում դաշնակիցները՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (ԱՄՆ), Ուինսթոն Չերչիլը (Մեծ Բրիտանիա) և Իոսիֆ Ստալինը (ԽՍՀՄ) 75 տարի առաջ որոշարկեցին համաշխարհային աշխարհակարգը: Մեկշաբաթյա կոնֆերանսի՝ 1945-ի փետրվարի 4-11-ը, ամփոփիչ փաստաթուղթը բաժանված է 14 գլուխների՝ նվիրված միջպետական կազմակերպման, ազատագրված Եվրոպայի հետ հարաբերությունների և Գերմանիայի բաժանման թեմաներից մինչև Լեհաստանի, Հարավսլավիայի, Իրանի ապագան: Հաջորդ տասնամյակներին Յալթան դարձավ Եվրոպայի Արևելքի ու Արևմուտքի երկաթե վարագույրով հարկադիր բաժանման խորհրդանիշ: Մերձբալթիկայի բնակիչները, լեհերը, չեխերը, սլովակները, հունգարացիները, ռումինները, բուլղարները իրենց զգում էին Ստալինին «վաճառված», երբ ոչ ոք չէր հարցրել նրանց ու նրանց երկրների քաղաքական մեծամասնության ցանկությունը: Տասնամյակներ շարունակ բոլոր ընդվզումները համարյա արդյունք չէին տալիս՝ արևելյան Բեռլինը 1953-ին, Լեհաստանն ու Հունգարիան 1956-ին, Պրագան 1968-ին, Գդանսկը 1970-ին, լեհական «Համերաշխություն» արհմիության ռազմական ճնշումը 1981-ին: Գուցե Յալթայի կարգուկանոնը ուժով էր պարտադրված, բայց ապահովվում էր միջուկային զենքով: Այդ պատճառով՝ Յալթայում հաստատված աշխարհակարգի փոփոխությունները կամ նույնիսկ փլուզումը, երկար ժամանակ հնարավոր էր պատկերացնել միայն այնկերպ, ինչկերպ եղավ՝ գերտերությունների նոր պայմանավորվածությամբ նոր կոնֆերանսում: Բայց ամեն ինչ այլ կերպ եղավ: 1989-ին մարդկանց ուժը հաղթահարեց երկաթե վարագույրը: Երբ 1989-ի դեկտեմբերի սկզբին Ջորջ Բուշն ու Միխայիլ Գորբաչովը հանդիպեցին 1945-ից հետո 18-րդ ԱՄՆ-ԽՍՀՄ սամիթում՝ նավերի վրա Միջերկրական ծովի Մալթա կղզու մոտ, հազիվ թե որևէ մեկնաբան կարող էր դիմադրել «Յալթայից՝ Մալթա» ձևակերպմանը: «Երկու տղամարդ, որ իրենց երկրների ռազմական զինանոցի շնորհիվ համարվում էին աշխարհում ամենահզոր մարդիկ, այլևս աշխարհակալներ չեն, ինչպես առաջ»՝ գրել էր Die Zeit-ի մեկնաբան Քրիստոֆ Բերտրամը: Քաղաքացիները փորձում էին իրենց ճակատագիրը տնօրինել: Դա սահմանափակում էր իշխողների իշխանությունը, բայց անորոշություն էր ստեղծում:
Մալթան այդ ենթատեքստում նշանակում էր՝ ինքնորոշման իրավունքն ավելի է ընդունվում, քան երբևէ պատմության մեջ: Իսկ սեփական կամքի պարտադրումը, գուցե ռազմական ճնշումով, ավելի է արժեզրկվում քան երբևէ: Հնարավոր կլինե՞ր Յալթան այսօր: Աշխարհի բաժանումն ազդեցության գոտիների՝ առանց հարցնելու նրանց, ում վերաբերում է: Ինչ-որ չափով՝ այո, ընդհանրապես՝ ոչ: Երբ հին աշխարհակարգը փլուզվում է քաղաքացիական պատերազմներով կամ արտաքին միջամտությամբ՝ Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք, Սիրիա, Լիբանան, և այդ ավերումը դառնում է անվտանգության խնդիր ավելի մեծ տարածաշրջանի համար, արտաքին ուժերը միասին հավաքվում են, որ որոշարկեն նոր աշխարհակարգը: Օրինակ՝ Բեռլինում Լիբիայի հարցով սամիթը: Բայց այսօր հազիվ թե հնարավոր է, որ եվրոպացի ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կազմեն ճանապարհային քարտեզ, թե որ պետություններն են եվրոպական, որ պետություններն են ռուսական ազդեցության գոտում: Կամ որ ԱՄՆ-ը և Չինաստանը, շրջանցելով այդ երկրներին, որոշեն՝ Ասիայի ո՞ր պետոթյունները ո՞ր կողմի սատելիտն են: Չի կարելի պնդել, որ ազգային ինքնորոշումը բոլորն ընդունում են: Վերջին ժամանակների պատերազմների պատճառը Եվրոպայում՝ Բալկաններում, Մերձդնեստրում, Վրաստանում, Ուկրաինայում մեկն է՝ մի կողմը չի ցանկանում հրաժարվել իր ազդեցության գոտուց, իսկ մյուս կողմը՝ հակառակը՝ այլևս այդ պայմանները չի ընդունում: Սերբիան իբրև գերակայող ուժ ուզում էր իշխել Հարավսլավիայում սլովեններին, խորվաթներին, կոսովացի ալբաններին: Մոսկվան չի ցանկանում ընդունել նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը:
75 տարի առաջ Յալթայում կատարվածը ընդունվեց: Մի կողմից՝ ընթացիկ ենթատեքստի պատճառով՝ Գերմանիան հանցավոր պատերազմ էր վարել: Եվրոպան պետք էր այնպես կազմակերպել, որ դա չկրկնվեր: Մյուս կողմից՝ կիրառվում էր մեծապետական քաղաքականություն: 150 տարի առաջ Պրուսիան, Ռուսաստանն ու Ավստրիան իրար մեջ բաժանել էին Լեհաստանը:
Երբ այսօր, դեռ շատ ընդհանուր գծեով, խոսվում է աշխարհակարգի նոր շրջադարձի, մուլտիլատերալ համակարգի ճգնաժամի, և մեծ տերությունների պայքարի մասին, որ մեծ պետություններն ու ժողովուրդները պետք է նախազգուշացված լինեն: Մեծապետական քաղաքականությունը մեծամասամբ իրականացվում է ի վնաս ինքնորոշման: Մուլտիլատերալիզմը նրանց համար ավելի լավ է: Ոչ մեծ երկրների նշանաբանը պիտի լինի՝ «Ավելի լավ է Մալթան, քան՝ Յալթան»:
Քրիստոֆ ֆոն Մարշալ, Der Tagesspiegel
Հ.Գ. Լավ բանաձև է, հատկապես հայերիս համար: Իսկապես՝ 1989-ին ծնված ինքնորոշման գաղափարը աշխարհում այնքան էլ ընդունված չէ, որքան տարածքային ամբողջականությունը, բայց նոր աշխարհակարգի ձևավորման հիմքում, եթե գերտերություններն ուզում են, որ այդ աշխարհակարգը կայուն ու տևական լինի, ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է դնեն ու հրաժարվեն աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու Յալթայի տրամաբանությունից: Ժամանակները փոխվել են, այլևս բռնի ուժով հնարավոր չէ կասեցնել ոչ ազգերի ինքնորոշումը, ոչ պետությունների ինքնիշխանության ձգտումն ու հաստատումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ